ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսաստանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում ԵՄ պարտությունն է. Politico

Ռուսաստանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում ԵՄ պարտությունն է. Politico
13.11.2020 | 10:58

Մեկուկես ամսվա ռազմական գործողություններից (և մի քանի անհաջող հրադադարներից) հետո վիճահարույց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը միջնորդ դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության, որի պայմանները, կարծես, պահպանվում են:

Հիմա, երբ կոնֆլիկտը պաշտոնապես կրկին սառեցվում է, ստեղծված իրավիճակում հայտնվել են երկու բացահայտ հաղթողներ՝ Ռուսաստանն ու Թուրքիան, որ տարածաշրջանում ցուցադրում էին իրենց ուժը, մինչդեռ Եվրամիությունը կողքից դիտում էր կատարվողը՝ դառնալով առավել անօգուտ իր հարևանների համար: Եթե ԵՄ-ն չվերանայի իր ռազմավարությունը տարածաշրջանում, հավանաբար, ստիպված է լինելու նայել՝ ինչպես են նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնում ու տնօրինում ուրիշները: Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, ապշեցուցիչ նմանություն ունի նրան, ինչ Հայաստանի, Ադրբեջանի ու միջազգային հանրության կարծիքով, խելամիտ փոխզիջում էր՝ մադրիդյան սկզբունքների համապատասխան 10 տարի առաջ: Գլխավոր տարբերությունը, որ գործողության մեջ է դրվում ոչ թե դիվանագետների կամ քաղաքական գործիչների, այլ՝ ռազմական ուժի միջոցով: Այդ համաձայնության շրջանակներում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կտեղակայի 2000 խաղաղապահ՝ երաշխավորելով, որ Ղարաբաղը կունենա Ռուսաստանի պաշտպանության տակ գտնվող ցամաքային կապ Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա Ռուսաստանի պաշտպանության տակ գտնվող կոմունիկացիաներ ու տրանսպորտային կապ Հայաստանի միջով ադրբեջանական անկլավի՝ Նախիջևանի հետ: Կարող է թվալ, որ Ադրբեջանը հաղթել է, իսկ Հայաստանը պարտվել, բայց երկու կողմերի համար էլ իրավիճակն այդքան պարզ չէ: Բաքվի համար դա ոչ այնքան հաղթանակ է, որքան գործարք սատանայի հետ: Ադրբեջանն իր վերահսկողության տակ ստացավ Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջանները, և կպահպանի անկլավում գրաված տարածքները: Բայց ստիպված է լինելու հաշտվել իր ապագա արտաքին քաղաքականության ու անվտանգության համակարգի սահմանափակումների հետ: Հաշվի առնելով ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում, որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածք, և ռուսական անվտանգության ծառայությունների աշխատակիցների ներկայությունը, որ Ադրբեջանի մուտքն են ապահովում իր էկսկլավ Նախիջևան՝ Մոսկվան հանկարծ ձեռք է բերում ավելի շատ լծակներ երկրում անվտանգության ապահովման ոլորտում: Լեռնային Ղարաբաղը հիմա ավելի շատ նման է լինելու Վրաստանի անջատողական հանրապետություններին՝ Աբխազիային ու Հարավային Օսեթիային մինչև 2008-ը: Այս երկու Վրաստանից անջատված հանրապետությունները երկար ժամանակ աշխարհաքաղաքական հարմար կոնֆլիկտի գոտիներ էին, որոնց շնորհիվ Ռուսաստանը կարողանում էր բարձրացնել կամ նվազեցնել անվտանգության ոլորտի լարվածությունը, որպեսզի ազդեր Վրաստանի ներքին քաղաքականության և անվտանգության ոլորտի վրա: Հիմա այդ ակումբին միացավ և Ադրբեջանը: Կարճաժամկետ հեռանկարում դա կհանգեցնի կարճաժամկետ համաձայնության ու իդիլիայի Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում, բայց կարող է դառնալ ապագա անկայունության ու հակասությունների լարման աղբյուր Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում: Հայաստանը դե ֆակտո պահպանում է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա, շնորհիվ ռուս խաղաղապահների տեղակայման այդ երկիրը նվազ խոցելի կդառնա ապագայում կոնֆլիկտների ծագման դեպքում:


Բայց Հայաստանը հայտնվեց շատ ավեի բարդ իրավիճակում, որովհետև կտրուկ ավելացավ առանց այդ էլ մեծ կախվածությունը Մոսկվայից, իսկ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի շրջանները հիմա հնարավոր չի լինի պաշտպանել առանց Ռուսաստանի օգնության: Երևանը հայտնվել է մի իրավիճակում, երբ բացառված չէ հավանականությունը, որ Ռուսաստանը առավել համառությամբ է մղելու ցավոտ զիջումների ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ: Լեռնային Ղարաբաղի պատճառով բռնկված կոնֆլիկտի իսկական հաղթողները Թուրքիան ու Ռուսաստանն են: Մոսկվան մեծացրեց վերահսկողությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Եվ հիմա ազդեցության ավելի շատ լծակներ ունի Ադրբեջանի հետագա իրադարձությունների վրա ռազմական ու անվտանգության ապահովման ոլորտում: Թուրքիան ևս հանդիսության պատճառ ունի: Նրա դաշնակից Ադրբեջանը իր վերահսկողության տակ է վերադարձրել 7 շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը Թուրքիայի աջակցության շնորհիվ: Թուրք զինվորականներն ու թուրքական անօդաչուները լավ գովազդ ստացան՝ ինչպես և Թուրքիան իբրև պետություն, որ (ի տարբերություն Ռուսաստանի) իրոք աջակցում է իր դաշնակիցներին: Եվ, չնայած, Թուրքիայի անպատկառ ռազմական ՙմանևրներին՚, աներեր մնաց Անկարայի ու Մոսկվայի լավ հարաբերույթուններ պահպանելու ունակությունը: Այդ ամենը լավ ոչինչ չի խոստանում ԵՄ-ի արտաքին քաղաքականության ու միջազգային հեղինակության համար:


ԵՄ արտաքին քաղաքականությունը ավելի լայն առումով դառնում է առավել միլիտարիզացված: Տարածաշրջանում առանցքային խաղացողները ոչ ԵՄ երկրներն են, Թուրքիան, Ռուսաստանը, իսկ հիմա և Ադրբեջանը առավել հաճախ անպատկառ ռազմական գործողությունները համարում են նպատակին հասնելու արդյունավետ ու հուսալի միջոց Հարավային Կովկասից մինչև Սիրիա ու Լիբիա: Քանի դեռ ԵՄ-ն շարունակելու է կողմնորոշվել բացառապես դիվանագիտական ու տնտեսական միջոցների վրա հարևան երկրներում, այդ միտումը պահպանվելու է: Իր անօգուտության խնդրի արագ լուծման միջոց ԵՄ-ն չունի: Բայց եթե զորք չուղարկել ու չխառնվել ԵՄ-ի մերձակայքում ծագող յուրաքանչյուր ռազմական կոնֆլիկտին, մնում է հետագա գործողությունների մեկ տարբերակ: ԵՄ-ն պետք է զարգացնի գործընկերային հարաբերությունները իր արևելյան ու հարավային թևի երկրների հետ ռազմական, հետախուզության ու կիբեռանվտանգության ոլորտներում: ԵՄ-ն պետք է դառնա ուժ, որ ունակ է ազդել ոչ միայն քաղաքականության ու տնտեսության վրա, այլև անվտանգության ապահովման ոլորտի: Միայն այդ դեպքում ժամանակի հետ ԵՄ-ի ձայնին ավելի շատ կլսեն այնտեղ, որտեց նրա կարծիքը առավել մեծ նշանակություն ունի:
Նիկու Պոպեսկու, Politico (ԱՄՆ)


Հ.Գ. Գուցե և այդպես է, բայց պարադոքս է, որ ԵՄ-ն կոնֆլիկտների դեպքում խուսափում է օգտագործել և իր տնտեսական ու քաղաքական լծակները՝ թե Հունաստան-Թուրքիա, թե Կիպրոս-Թուրքիա, թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում, որտեղ Թուրքիան ոչ միայն բացահայտորեն կռվում էր Ադրբեջանի կողմից, այլև օգտագործում մոջահեդներին ու արգելված զինատեսակներ, Բրյուսելը պատժամիջոցներ չկիրառեց Թուրքիայի դեմ, ոչ էլ Ադրբեջանի: Ոչ էլ հարկ համարեց ահաբեկչության դեմ պայքարել, բացի՝ Ֆրանսիայից: Եվ եթե ԵՄ-ն չի ուզում վերջնականապես իրեն վարկաբեկել, պետք է ոչ թե Մոսկվայի դեմ պայքարի, այլ սեփական քաղաքականությունն ունենա: Բայց դա իրենց խնդիրներն են, իսկ ի՞նչ ենք անում մենք, որ աշխարհը մեր խնդիրները հասկանա: Նիկու Պոպեսկուն ՙՄեծ Եվրոպա՚ ծրագրի տնօրենն է Եվրոպայի խորհրդում, և եթե նա այսքան մակերեսային ու իրականությանը ոչ համարժեք հրապարակում է իրեն թույլ տալիս, միայն ինքը չէ մեղավոր, այլ նաև մենք, որ հարկ չենք համարում նրանց հետ աշխատել՝ համարելով, որ մենք ճիշտ ենք, աշխարհը պիտի մեզ պաշտպանի: Մեզ նույնիսկ Ռուսաստանը չպաշտպանեց: Եվ՝ ունենք՝ ինչ ունենք՝ Թուրքիան զենք վաճառեց Ադրբեջանին ու հարստացավ, Ռուսաստանն առանց մի կրակոցի՝ վերցրեց Արցախն ու Հայաստանը, Արցախի կեսը նվիրեց Ադրբեջանին, Հայաստանին էլ կզրկի անկախության մնացորդներից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ